Մուտքի ճամբարն Արատեսում

Մուտքի ճամբարի ճամփորդներն օրակարգով նախատեսված ճամփորդությունն սկսեցինք Սուրբ Երրորդություն Եկեղեցու բակում հանդիպումով։ Այնտեղ տիար Գևորգը մեզ էր սպասում` բարի ճանապարհ մաղթելու նպատակով։ Ունեցանք նաև մեր խորհրդանշական նկարն ու ճանապարհվեցինք դեպի Սմբատաբերդի բարձունքի հաղթահարումը։

Շատ հետաքրքիր ու միմյանց բացահայտումով ճանապարհ ստացվեց։ Սմբատաբերդի բարձունքի հաղթահարումը սկսեցինք Արտաբույնքի կողմից և մեծ բավականություն ստացանք բացահայտելով Հայաստանը յուրովի։ Քանի որ բերդը հարավային կողմից եզերվում է Եղեգիսի ձորերով, ուստի իջնունքը եղավ այդ ուղղությամբ։

Սմբատաբերդը կոչվել է նաև Ջաղաց Քարի բերդ, որը պաշտպանական համալիր է եղել Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելքում։ Ըստ աղբյուրների այն կառուցվել է 5-րդ դարում։ Ավանդաբանության համաձայն բերդը կառուցվել է Սյունյաց Սմբատ իշխանի կողմից։ Այդ պատճառով էլ տեղի բնակիչների կողմից ստացել է Սմբատի բերդ անունը։

Սմբատաբերդում հանդիպեցինք Նիդերլանդներից Հայաստանում ճամփորդող զբոսաշրջիկ զույգերի, ովքեր բացահայտում էին Հայաստանի հրաշալիքները։ Քանի որ Բասն ու Կարոլինը հայերենին չէին խոսում, ուստի ծանոթությունը եղավ անգլերեն լեզվով։ Ներկայացրեցի մեր մուտքի ճամբարականներին, սեբաստացի դասավանդողներին, այնուհետև կրթահամալիրն ու գործունեությունը։ Խոսեցինք, ներկայացրեցի նաև Հայաստանի մշակութային այլ հետաքրքիր փաստեր ու տեղեկություններ և հրավիրեցի նրանց Արատեսյան ճամբարի բացման ծեսին։ Նրանք սիրով ընդունեցին հրավերը և հաջորդ օրը պայմանավորված ժամին միացան մեզ արդեն Արատեսյան մեր ծեսին։ Արդեն իսկ մենք պատրաստել էինք գաթայի խմորն ու խորիզը, ուստի հյուրերը մասնակցեցին մեր գաթաթխիկի ծեսի հետագա աշխատանքներին։ Երգեցինք, պարեցինք, ինչպես նաև Արմինուհի Սոկրատունու և Կարինե Գրիգորյանի հետ մեր հյուրերը սովորեցին «Թամզարա» պարը, ներկայացրեցինք պարի պատմությունն ու շարժումները, շարունակեցինք ուրախ ծիսական օրն «Էջմիածին» պարի ուսուցմամբ։ Ներկայացրեցինք նրանց կրթահամալիրը, տիար Բլեյանին, հրավիրեցինք նաև կրթահամալիրի պուրակ ծանոթանալու մեր դպրոցի գործունեությանը։ Տիար Բլեյանը իր խոսքով ողջունեց մեր Նիդերլանդցի և Ֆրանսիացի հյուրերին և հայտարարեց Արատեսյան ճամբարի բացման մասին։ Այսուհետ Կարմիր ծաղիկը՝ Արատեսը, բոլորին սպասում է իր հյուրընկալ տանը, ջերմ հայրենագիտական ճամփորդություններով հագեցած երեկոներ անցկացնելու։ Այնուհետև Կարոլինը միացավ մեզ և միասին պատրաստեցինք գաթա։ Հյուրասիրությունից և գինիներ նվիրելուց հետո` ներկայացրեցինք նաև Արատեսի վանքը, որտեղ Ընկեր Արմենուհին Ներսես Շնորհալու հոգևոր երգերով լուսավորեց մեր հոգիներն ու անբացատրելի զգացում պարգևեց բոլորիս։ Փոխադարձ շնորհակալություններից, գրկախառնություններից և բարեմաղթանքներից հետո ճանապարհեցինք մեր ընկերներին իրենց ճամփորդական տնակ։‌

Եղեգիս գյուղում քայլեցինք դեպի Զորաց եկեղեցի, որը կոչվում է նաև Սուրբ Ստեփանոս եկեղեցի։ Ընկեր Արմինեն այնտեղ մեզ ներկայացրեց եկեղեցու պատմությունը, այնուհետև Արմենուհի Սոկրատունու հետ միասին կատարեցին «Տեր Ողորմեա» շարականը։ Ընկեր Արմենուհին ներկայացրեց նաև այլ մանրամասներ եկեղեցու հարակից խաչքարերի և տապանաքարերի մասին։ Այն կառուցվել է 1303 թվականին Օրբելյան իշխանների կողմից։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Եվ, եթե նայում ես եկեղեցուն այն տարբերվում է իր տեսքով Հայաստանի մյուս եկեղեցիներից, որովհետև այն լայն բացվածքով բաց եկեղեցի է։ Հուշարձանի հազվագյուտ ձևը թելադրում է, որ այն նախատեսված է եղել զորքի աղոթքների համար: Զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում: Այստեղից էլ դրան տրվել է «Զորաց տաճար» անվանումը: Եկեղեցու արևմտյան կողմում բաց գավիթն է: Գավիթի ճարտարապետությունը հատուկ է Վայոց Ձորին: Նրա շուրջը գերեզմանատունն է` իր մի քանի տասնյակի հասնող խաչքարերով ու տապանաքարերով։

Երեկոյան ունեցանք հետաքրքիր և Արատեսյան բացահայտումներով լի արահետով քայլք տիար Բլեյանի հետ՝ դեպի Արատեսի հյուսիսային կողմ։ Հայրենիքի գեղատեսիլ և անզուգական տեսարաններ, ծաղիկներ ու կիրճեր, գետահովիտներ և մարգագետիններ, այս ամենը կարող ենք տեսնել այցելելով Արատեսի Դպրական կենտրոն Վայոց Ձորի մարզում։ Օրվա ավարտին զրուցեցինք խարույկի շուրջ, տպավորություններ և կարծիքներ փոխանակեցինք, ամփոփեցինք հայրենագիտական ճամփորդության բացահայտումներն ու երգ ու պարով գնացինք հանգստի։

Առավոտյան հրաժեշտ տալով Արատեսյան թովիչ գեղեցկությանը, ճանապարհ ընկանք դեպի Վաղաշենի բնապահպանական ճամբար, բնապահպանական մաքրման աշխատանքներ կատարելով Օրբելյանների քարավանատանը։ Ճանապարհին Լեռնահովիտ գյուղում կանգառ ունեցան՝ այցելելու Արմենուհու հայրիկին։ Ողջունեցինք և բարին մաղթեցինք նրան երգ ու պարով, ու շարունակեցինք ճանապարհը։ Հաջորդ հայրենագիտական բացահատման կանգառը Կոթավանքում էր։ Որպես ավագ ընկեր և մենթոր՝ տիար Բլեյանը ճամբարականններին սիրով ներկայացնում էր մեր հայրենիքի ծածուկ անկյուններն ու բացահայտում դրանց պատմամշակութային նշանակությունները։ Ամեն մի ժայռաքար ու բեկոր մեծ նշանակություն ունեին նրա համար, հայրենիքի յուրաքանչյուր մետրի համար մեծ սեր և հոգատարություն էր զգացվում տիարի խոսքերում։

Վաղաշենի բնապահպանական ճամբարում մեզ էին սպասում Արևմտյան դպրոց-պարտեզի ճամբարականներն ու դասավանդողները։ Նրանց ուրախ ազգային երգ ու պարին միացանք նաև մենք և շարունակեցինք օրակարգով նախատեսված աշխատանքները Սևանա լճի ափի մաքրման աշխատանքներով։ Մինչև հյուրերի ժամանելը որոշեցինք վոլեյբոլ խաղալ Վաղաշենի ճամբարում։ Մեծ ու փոքր խառնվել էինք իրար և վայելում էինք մաքուր օդում մարզման բացառիկ հնարավորությունը։ Եվ ահա հյուրերն այստեղ էին՝ ԿԳՄՍ, ՇՄ, ՊՎԾ, Քաղաքաշինության կոմիտե, մարզպետներ՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի, կրթության վարչություններ, համայնքների ղեկավարներ՝ Եղեգիսի, Մարտունու, Սևանի, ղեկավար այլ մարդիկ։ Տիար Բլեյանի ողջույնի խոսքին և ճամբարային գործունեության նկարագրությանն հաջորդեցին պաշտոնյա հյուրերի դրական տպավորություններով լի խոսքերը։

Հանդիպում ունեցանք նաև Մարտունու Ինֆոտանը։ Այստեղ մեզ էին սպասում Մարտունի համայնքի մշակույթի տների, գրադարանների անձնակազմերը, ՏԻՄ ներկայացուցիչները, համայնքներում մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված անհատական գործունեություն իրականացնող խմբերը և ակտիվ երիտասարդներ։ Այստեղ ներկայացրեցինք ծիսական հարսանիքի ընթացակարգն և որոշեցինք նրանց նվիրել մեր ծիսական երգից հատված։ Քննարկումներից հետո պտտվեցինք Մարտունիում՝ ծանոթանալով քաղաքի այցուդարձին։

Երևան վերադառնալու ճանապարհի վերջին հայրենագիտական կանգառն Հայրավանքում էր։ Աննկարագրելի գեղեցկությամբ, մշակութային բացահայտումներով ու Սևանա Լճի գեղեցկությամբ ոգևորված՝ վերադարձանք Երևան, նորից տիարի հետ ճամփորդելու հնարավորություն ունենալու ակնկալիքով։ Այսքան տպավորիչ ճամփորդություն չէր ակնկալում ունենալ, բայց ընթացք այլ բան ցույց տվեց։ Կարոտով կհիշեմ այս մուտքի ճամբարի հայրենիքի և նոր ընկերների բացահայտման օրերն ու կսպասեմ նոր հնարավորություններով լի ուսումնական տարվա։

Տեսանյութեր՝ Անահիտ Ամիրխանյան և ընկերներ

Ուղիղ միացումներ՝ Արմինե Մովսիսյան, Անահիտ Կիրակոսյան, Անահիտ Ամիրխանյան և ընկերներ

Լուսանկարներ՝ մուտքի ճամբարի ընկերներ

Запись опубликована в рубрике ՄՈՒՏՔ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий